|
ՍԵՐԺԸ` ՀՐԱՆՏԻ ԵՎ
ՎԱՀԱՆԻ ՀԻՆ ԸՆԿԵՐ
“Հայկական Ժամանակ”
11
Փետրվարի,
2008
ՀՀ նախագահի
ընտրությունների քարոզարշավի` իշխանությունների համար անցանկալի եւ թերեւս նաեւ
անկանխատեսելի ընթացքը որոշակի խմորումների տեղիք է տվել իշխանության ներսում, եւ
այս խմորումները վերաբերում են ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ նրա գործընկեր
Դաշնակցությանը:
ՀՀ
նախագահի դաշնակցական թեկնածուի առաջադրումն ի սկզբանե հիմնավորվում էր նրանով, որ
նա պետք է հանդես գա որպես ընդդիմադիր քաղաքական սուբյեկտ եւ պայքարի հիմնական մեխն
ուղղի ընդդեմ իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի: Համենայնդեպս, այսպիսի խնդիր
ուներ Դաշնակցությունը: Վերջին շրջանում, սակայն, Վահան Հովհաննիսյանը ակնհայտորեն
ոչ թե քարոզարշավ է իրականացնում, այլ սպասարկում է Սերժ Սարգսյանի քարոզարշավը: Եւ
այս պրոցեսը ՀՅԴ ներսում որոշակի տարակուսանքի տեղիք է տալիս:
Դաշնակցության ներսում, սակայն, իրավիճակն ավելի է լարվել, երբ լուրեր են ստացվել,
որ այդ ամենն ամենեւին էլ պատահական չէ, այլ Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան,
Սերժ Սարգսյան եռակողմ պայմանավորվածությունների արդյունք: Իսկ կողմերին միավորել է
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթարշավը` ընդհանրապես, եւ նրա մի քանի
քայլեր` մասնավորապես: Նախ եռյակին նյարդայնացնում է այն, որ առաջին նախագահի
նախընտրական ծրագրում կարեւորագույն տեղ է զբաղեցնում հոկտեմբերի 27-ի գործի
ամբողջական բացահայտման անհրաժեշտության մասին թեզը: Սերժ Սարգսյանի
առնչությունները հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ ինքնին հասկանալի են, իսկ
Հրանտ Մարգարյանի եւ Վահան Հովհաննիսյանի` հոկտեմբերի 27-ի գործի հետ ինչ-ինչ
առնչությունների մասին մամուլում բազմաթիվ վարկածներ են եղել:
Սակայն սա վերը նշված եռյակի համագործակցության միակ հիմնակետը չէ: Իշխանության
վերնախավում լուրջ անհանգստություն է առաջացրել Մեղրիի հանձնման փաստաթղթի
գաղտնազերծումը, եւ այս անհանգստությունը վերաբերում է նաեւ դաշնակցական զույգին:
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, նրանք նույնպես մասնակցել են այս
դավադրությանը եւ Քոչարյանին համապատասխան քաղաքական աջակցություն խոստացել Մեղրիի
հանձնման գործն իրականացնելու համար: Եւ ահա, այս թեմայի հետագա ծավալումն
անհանգստացնում է Վահան Հովհաննիսյանին ու Հրանտ Մարգարյանին, եւ նրանք
մտավախություն ունեն, թե Տեր-Պետրոսյանի ընտրությունից հետո էլ այս թեման
կշարունակվի բացահայտվել, ինչը անկանխատեսելի հետեւանքներով է հղի: Իրավիճակը էլ
ավելի է բարդացել այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 9-ի
հանրահավաքում հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քննության
ընթացքում պետք է լրջորեն ուսումնասիրվի Մեղրիի հանձնման ծրագրի եւ հոկտեմբերի 27-ի
փոխկապակցվածության վարկածը:
Ահա այս պայմաններում է անցնում ՀՀ նախագահի դաշնակցական թեկնածու Վահան
Հովհաննիսյանի նախընտրական քարոզչությունը, եւ ՀՅԴ շարքերին նյարդայնացնում է այն,
որ իրենք հիմա արդեն ակնհայտորեն զգում են, որ ընկեր Վահանը արգելակման պրոցեսի մեջ
է եւ սկսել է բոլորովին ուրիշ խաղ խաղալ: Խնդիրն այն է, որ "Վահան Հովհաննիսյան +
31" գործը բացահայտվել եւ դրա նախաքննությունն իրականացվել է այն ժամանակ ԱԱ
նախարար Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ: Մինչեւ հիմա, ի դեպ, այս գործով
դատավճիռը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Վահան Հովհաննիսյանը ազատ է արձակվել
միայն իրավիճակի փոփոխության արդյունքում: Բայց թե գործից դուրս էլ ինչ նյութեր
ունի իր մոտ Սերժ Սարգսյանը, առայժմ դժվար է ասել: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը
քաղաքական պայքարում միայն մեկ միջոցի է ապավինում, եւ դա կոմպրոմատն է: Եւ պետք է
ենթադրել, որ այս հարցում Սերժ Սարգսյանն ասելիք ունի ոչ միայն Վահան
Հովհաննիսյանին, այլեւ
Հրանտ Մարգարյանին:
Ի դեպ, ստորեւ բերվող փաստաթուղթը, թերեւս, լավ պատկերացում կարող է տալ Սերժ
Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյան-Հրանտ Մարգարյան զույգի հարաբերությունների որակի
մասին: Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթուղթը.

"Հայաստանի Հանրապետության
Նախագահի գլխավոր խորհրդական
պրն. Ժ. Լիպարիտյանին
Հարգելի պարոն Լիպարիտյան.
Ի պատասխան Ձեր
21 օգոստոսի 1995թ. թիվ ՆԽ-1081 գրության.
ՀՅԴ բարձրագույն մարմին-բյուրոյի որոշմամբ Հայաստանի տարածքում ստեղծվել է այսպես
կոչված "ԴՐՈ" տնտեսական հետախուզական կառույց: Այն ստեղծվել է քաղաքական
կուսակցության ընդերքում եւ նպատակ է հետապնդել առաջին հերթին կուսակցության
տրամադրության տակ ունենալ հետախուզական մի բազմաճյուղ ցանց, որի յուրաքանչյուր
անդամ պատրաստվել է օգտագործվելու անլեգալ պայմաններում, հակաօրինական
գործողություններ իրականացնելու համար:
Այն հրահանգները, որոնցով ղեկավարվել է յուրաքանչյուր անդամ, իր մեջ ամփոփում է
օպերատիվ աշխատանքի կանոնները, որոնք չունեն նախկին ԽՍՀՄ-ի տարածքում գործող
անվտանգության օրգանները: Առանց տատանվելու կարելի է հանգել մի եզրակացության, որ "ԴՐՈ"-ի
ստեղծման գաղափարները ծնվել են արտասահմանում, հնարավոր է որեւէ արտասահմանյան
երկրի հատուկ ծառայության ընդերքում կամ այն մարդկանց կողմից, որոնք երկար տարիներ
ապրել են արտասահմանում եւ կապ են ունեցել հատուկ ծառայությունների հետ:
"ԴՐՈ"
կառույցի անդամները աշխատել են հետեւյալ ուղղություններով.
-
տեղեկատվության
ձեռքբերումով ռազմական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում;
-
գործունեություն
տնտեսական ոլորտում, օրինական եւ ոչ օրինական ճանապարհներով;
-
սպանություններ,
ահաբեկչություն` քաղաքական նպատակներով;
-
թմրանյութերի
անօրինական միջազգային շրջանառություն, մաքսանենգություն:
Վերոհիշյալ ուղղություններից վերջինը պատճառ հանդիսացավ "ԴՐՈ" կառույցի
բացահայտմանը: Այսպես, 1992թ. Լիբանանի մի քանի քաղաքացիներ, լինելով դաշնակցության
կուսակցության ակտիվ անդամներ, պաշտոնապես դիմել են Հայաստանի Հանրապետության
համապատասխան պետական կառույցներին` խնդրելով տալ իրենց իրավունք մշտական
բնակություն հաստատելու Հայաստանում: Ստանալով այն, նրանք ստեղծել են գաղտնի օղակ`
Հայաստանի մի շարք քաղաքացիների մասնակցությամբ, որոնցից յուրաքանչյուրն անցնելով
համապատասխան "դասընթացներ", պատրաստվել է հատուկ ծառայությանը բնորոշ աշխատանք
կատարելու համար: Նպատակ ունենալով Հայաստանում ծավալելու օրինական եւ ոչ օրինական
տնտեսական գործունեություն, իր առջեւ խնդիր դնելով ստանալ շահույթ, որը պետք է
օգտագործվեր ոչ միայն խմբի անդամների անձնական կարիքների համար, այլեւ սներ
դաշնակցության կուսակցության լեգալ եւ անլեգալ կառույցները, Հայաստանի
Հանրապետության քաղաքացիներից նրանք ստեղծել են մի խումբ, զինել նրանց եւ չեն
խորշել ստանալ շահույթ հանցավոր ճանապարհներով:
Մասնավորապես, 1994թ. աշնանը, նրանք բեյրութաբնակ անձանց միջոցով կազմակերպել
են մոտ 5 կիլոգրամ
հերոյինի առաքումը Երեւան մաքսանենգ ճանապարհով` այն թաքցնելով տարբեր իրերի
թաքստոցներում: Այնուհետեւ Երեւանից Մոսկվա են տեղափոխել 2,5 կիլոգրամ հերոյինը եւ
գնորդներ գտնելու եւ վաճառելու ընթացքում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության
անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակիցների կողմից: Տեղում հետաքննության
ժամանակ պարզվել է, որ Երեւանում հատուկ նպատակների համար ձեռք բերված բնակարանում
գտնվում է հերոյինի 2-րդ մասը, որը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առգրավվել է:
Միաժամանակ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ
քանակությամբ զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր":
Փաստաթղթի տակ դրված է ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ստորագրությունը: Ահա այսպիսի
փաստաթղթերի եւ գործունեության վրա են հիմնված Վահան Հովհաննիսյան-Հրանտ
Մարգարյան-Սերժ Սարգսյան ջերմ հարաբերությունները: Այս իրավիճակը, սակայն, սկսել է
ահավոր նյարդայնացնել շարքային
դաշնակցականներին,
որոնք հասկանում են, որ հերթական անգամ մասնակիցն են դառնում ոչ իրենց խաղի:
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
*Մտքերը
և կարծիքները պատկանում են հեղինակին, միշտ չէ որ azadakrum.org ը համամիտ է այդ
մտքերի և կարծիքների հետ:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|