Նիկոլ Փաշինյան. Ռադիկալիզմի Շեմին  

Արդյո՞ք ապրիլի 9-ին Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք միջոցառումը որեւէ բան փոխում է ներքաղաքական իրավիճակի տեսակետից եւ արդյո՞ք սրանից հետո ընդդիմության անելիքների օրակարգն է փոխվում: Ոչ ամենեւին, բացարձակապես ոչ:

Ընդհակառակը այդ միջոցառումը ավելի է սրում բոլոր հարցերը, ճգնաժամը ավելի ակնհայտ դարձնում, ավելի ակնհայտ դարձնում ճգնաժամի վտանգավորությունը: Սերժ Սարգսյանը ստիպված է «նախագահի երդում» տալ Ազատության հրապարակը պլացի վերածելով, Երդումի վայրը զորքով շրջափակելով, իր ապօրինությունների զոհ դարձած նահատակների քառասունքը  ծածկադմփոց անելով

Ու եթե այսօր Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակը զորքով է լցնում, ընդամենը խոստովանում է այն համախոհներով ու համակիրներով պատելու անհնարինությունը, անգամ 50 դոլարանոց աստղ-ղշերի ստրիպտիզի գնով: Ոչ բարով գործընկեր կոչվող մի հեղինակ գրում է. Սերժ Սարգսյանի էլեկտորատը միտինգ անող չէ: Ճիշտ է, որովհետեւ միտինգ անում են նրանք, ովքեր համոզմունքներ ունեն եւ պատրաստ են պաշտպանել իրենց համոզմունքները: Եթե Սերժ Սարգսյանը էլեկտորատ ունի, դա հասարակության համոզմունքներ չունեցող հատվածն է, որ միշտ քվեարկում է իշխանության օգտին, կամ փող տվողի օգտին: Այդպիսիք Հայաստանում այս պահին ավել չեն 150 հազարից: Սերժ Սարգսյանը Հայաստանում հանրային աջակցություն չունի եւ նա սովորական Սամազվանեց է, սովորական ուզուրպատոր, եւ այսօր կայանալիքը դեռ դատական պարզաբանման կենթարկվի: Այսօր Օպերայում կայանալիքը իրոք ճգնաժամի, խորը ճգնաժամի վկայություն է, եւ այդ ճգնաժամը չի հաղթահարվելու, քանի դեռ իսկապես կազմաքանդված չէ ավազակապետությունը:

Ի դեպ, այսօր այնպիսի մարդիկ են խոսում ճգնաժամի մասին, այնպիսի մտահոգություննր են արտահայտում, կարծես այդ ճգնաժամը երկնքից է ընկել: Մենք ասում էինք, «Ա1+»-ի փակումը վատ հետեւանքներ է ունենալու, մեզ ասում էին ռեվանշիստներ, մենք ասում էինք քրեական ամենաթողությունը քայքայում է երկրի մթնոլորտը, մեզ ասում էին «մոսկաներ», մենք ասում էինք մարդիկ օտարանում են հայրենիքից, մեզ ասում էին «իքիբիր», մենք ասում էինք վտանգված է Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը, մեզ ասում էին թուրքամետներ. դուք եք ստեղծել այս ճգնաժամը պարոնայք պետականամետներ, եւ այդ ճգնաժամը կանգնելու է ձեր կոկորդին, շնչահեղձությունից ձեզ կփրկի միայն (չզարմանաք) Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը վերջերս մի շատ կարեւոր միտք էր արտահայտել. նա ասել էր, որ եթե անգամ ինքը ընդունի 2008-ի նախագահական ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, հանրությունը չի ընդունի: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է միայն մեկ բան. եթե մարդիկ, հայաստանցիները համոզվեն, որ խաղաղ ճանապարհով հնարավոր չէ ավազակապետական զույգին հեռացնել իշխանությունից, իսկ նման խաղաղ զարգացման վերջին հույսը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ նրա ղեկավարած շարժումը, ահա եթե կորսվի խաղաղ իշխանափոխության հւյսը, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կտրվեն Կալաշնիկովի զորությանը: Եւ այն ինչ բարձրակրունկ Աղվանը հիմա ուզում է հնարել, կդառնա իրականություն: Եւ ի դեպ, այդ պոտենցիալ ապստամբները այսօր բանտարկության մեջ գտնվողները չեն, ոչ էլ նրանց քաղաքական ընկերները: Ընդհակառակը, մեզնից շատերը, որպես «թուլամորթ» թերեւս կհայտնվեն նրանց սեւ ցուցակում: Բայց իհարկե, ոչ հիմնական սեւ ցուցակում, այլ ընդամենը որպես չարազի պարագա:

Հիմնական ցուցակում կլինեն այսօր իրեն Սերժի ախպերություն երեւակյողները, ժողովրդի վրա կրակած գեներալներն ու գնդապետները, տեղական իշխանիկները: Այս հեռանկարը այսօր իրական է քան երբեւէ. պարոնայք իշխանավորներ, դուք տեղյա՞կ եք, թե մարդիկ ինչ են խոսում երթուղայիններում, բիսեդկաներում: Պարոնայք ԱԱԾ-ականներ, մեր մանկահասակ երեխաների պայուսակներում ժուչոկներ տեղադրելու փոխարեն զեկուցեք ձեր բոսերին, որ երկրում թեւածում է անկառավարելի ռադիկալիզմը: Ճիշտ է, առայժմ միայն խոսում են, բայց ի սկզբանե խոսքն է: Եւ լավ իմացեք, պարոնայք իշխանավորներ, օլիգարխներ, գեներալներ, դատավորներ ու դատախազներ. Տեր-Պետրոսյանը ձեր վերջին եւ միակ հնարավորությունն է, որովհետեւ նա է միակ ուժը, որ թույլ չի տա, կարող է թույլ չտալ վրեժխնդրության եւ ինքնադատաստանի դրսեւորումներ, նա է որ թույլ չի տա ատելությունը կուրացնի մարդկանց: Մարտի 1-ին դուք նրան թույլ չտվեցիք տանից դուրս գալ եւ տեսաք թե ինչ եղավ: Նույն սխալը մի կրկնեք երկրորդ անգամ, որովհետեւ շատ ավելի վատ է լինելու թե մեզ, թե առավել եւս` ձեզ համար: Մտածեք այս մասին:

 

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work