Մեր գործն արդար է. պատրաստ ենք երկարատեւ պայքարի

Ժամանակ Երևան

Ակնհայտ է, որ զանգվածային բողոքի ցույցերի շարունակման հեռանկարը խիստ հիասթափեցնում է իշխող վարչախմբին: Դա են վկայում նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից մարտի 21-ին հանրահավաք անցկացնելու մասին Արտակ Զեյնալյանի իրազեկման դիմումի մերժումը եւ Ա.Զեյնալյանի հասցեին սպառնալիքները:

Այժմ Հայաստանում առկա է մի իրավիճակ, որում տեղեկատվության գոնե մասնակիորեն ազատ տարածման եւ բողոքի ցույցեր անցկացնելու հնարավորության ապահովման դեպքում իշխող վարչախումբն անընդունակ կլինի երկար ժամանակ պահպանել իշխանությունը: Սա գիտակցում են եւ իշխանավորները, եւ ընդդիմադիր գործիչները, եւ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը` չնայած իշխանությունների սանձազերծած բռնություններին եւ տեղեկատվական տեռորին, եւ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները, ինչպես նաեւ օտարեկրյա դիվանագետները: Այժմ փորձենք վերլուծել Հայաստանում առկա իրավիճակում տարբեր կողմերի հնարավոր քայլերը: Նախ անդրադառնանք իշխանական թեւում գտնվողներին. ընդ որում` ավելի նպատակահարմար է այն ոչ թե դիտարկել որպես միասնական մարմին, այլ առանձին-առանձին վերլուծել ստեղծված իրավիճակում Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի շահերը, որոնք այժմ արդեն չեն համընկնում: Մինչեւ մարտի 1-ը ավազակապետերի զույգը կարող էր միասնաբար գործել. նախատեսվում էր քիչ թե շատ սահուն կերպով միմյանց միջեւ պաշտոնների փոխանակում իրականացնել ու շարունակել կալվածքի վերածված երկրի կառավարումը: Սակայն բիզնես-նախագիծ կազմելիս նրանք հաշվարկել էին, որ Լ.Տեր-Պետրոսյանը չէր առաջադրվի եւ չարաչար սխալվեցին: Այնուհետեւ նրանք հույս ունեին, որ Հայաստանի քաղաքացիներին մոբիլիզացնելու միասնական ընդդիմության փորձերն ապարդյուն կլինեին եւ կրկին սխալվեցին: Հետո հույսները դրեցին ընտրակեղծիքների վրա, բայց արդեն փետրվարի 20-ին տեսնելով քաղաքացիների վճռական բողոքի արտահայտությունը` ստիպված էին հերթական հիասթափությունն ապրել: Վերջապես, մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնությամբ փորձեցին վախեցնել ժողովրդին. դա էլ չստացվեց: Ի վերջո, արյունահեղություն տեղի ունեցավ, ու այդ պահից Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի շահերն այլեւս չեն համընկնում:

Այժմ Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ իրավիճակում. եթե նրան հաջողվի որոշակի ժամանակ զբաղեցնել նախագահի պաշտոնը` նա ընդամենը «նախագահ է աշխատելու» Ռ.Քոչարյանի մոտ: Ավելին` Ս.Սարգսյանը կդառնա ոչ միայն Ռ.Քոչարյանի, այլեւ Նեմեց Ռուբոյի, Դոդի Գագոյի, Լֆիկ Սամոյի, Թոխմախի Մհերի եւ փետրվարի 19-ին ու մարտի 1-ին բռնություններին մասնակցություն ցուցաբերած մի շարք այլ հանցագործների պատանդը: Որպեսզի սա տեղի ունենա, ընդամենը պետք է, որ Ս.Սարգսյանը եւս մի փոքր ժամանակ խաղա Ռ.Քոչարյանի սցենարով եւ իր պաշտոնավարման արարողությունից հետո նույնպես դառնա արյուն թափելու հրամանի հեղինակ: Սակայն Ս.Սարգսյանի համար իսկական աղետ կլինի այն, որ նման զարգացմանը մեծ հավանականությամբ կարող է հետեւել իր եւ իր մերձավորների արտասահմանյան բանկային հաշիվների եւ անշարժ գույքի վրա կալանք դնելը, ինչպես նաեւ վիզաների տրամադրումն արգելելը: Այսպիսով, Ս.Սարգսյանի համար լավագույն ելքը թերեւս մինչեւ ապրիլի 9-ը Հայաստանից հեռանալն է եւ հեռակա կարգով հրաժարականի դիմում ներկայացնելը: Ինչ վերաբերում է Ռ.Քոչարյանին. կարող է թվալ, որ նրա համար եւս լավագույն լուծում կլիներ հեռանալը, եւ մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ հրազեն կիրառելու հրամանը պարզապես չարացածության, հաստակողության ու ոչ ռացիոնալ մտածելակերպի հետեւանք էր: Դժվար է, սակայն, հավատալ, որ Ռ.Քոչարյանի մտածելակերպն այն աստիճան ոչ ռացիոնալ է, որ նա պատրաստ է հրաժարվել արտասահմանյան բանկային հաշիվներից եւ անշարժ գույքից օգտվելու հնարավորությունից` իր «միակ տղամարդ» եւ «վոյին» լինելն ապացուցելու համար: Կարելի է ենթադրել, որ հատկապես լավատեղյակ լինելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճիրի եւ մի շարք այլ առանձնապես ծանր հանցագործությունների իրական ընթացքից` Ռ.Քոչարյանն արդեն իսկ գիտակցում է, որ թալանված հարստությունից հանգիստ օգտվելու հնարավորություն, միեւնույն է, չի ունենա: Հետեւաբար Ռ.Քոչարյանը պատրաստ է իր հետ դեպի անդունդ տանել թե հավատարիմ զինակից Ս.Սարգսյանին, թե շատ ուրիշների, ինչի համար նա կփորձի որքան հնարավոր է երկար պահպանել իշխանությունը, գուցե նաեւ ավելի շատ արյուն թափել: Սա խիստ մտահոգիչ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, սակայն պետք է մտահոգիչ լինի նաեւ Ս.Սարգսյանի համար. կրկնենք, որ վերջինս ապրիլի 9-ից հետո արյունահեղություն թույլ տալու դեպքում չափազանց շատ կորցնելու բան կունենա:

Այս իրավիճակում ընդդիմության առաջնորդները պետք է շարունակեն օգտագործել իրենց դիվանագիտական հմտությունները, որպեսզի չթուլանա Հայաստանի իշխանությունների վրա ճնշումը` արտակարգ դրության վիճակը դադարեցնելու, ձերբակալվածներին ազատ արձակելու, ինֆորմացիոն հավասար հնարավորություններ ապահովելու, մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու պահանջներով. հիշեցնենք, որ այս պահանջները վայելում են, մասնավորապես, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի օժանդակությունը: Հարկ եղած դեպքում կրկին կկիռարվեն նաեւ DVD-ների եւ տպագիր նյութերի տարածման հնարավորությունները` տեղեկատվական շրջափակման հաղթահարման համար: Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին. մարդիկ պետք է պատրաստ լինեն վերսկսել զանգվածային բողոքի արտահայտությունները` Լ.Տեր-Պետրոսյանի առաջին իսկ կոչով: Որքան շատ լինի ըմբոստացողների քանակը, այնքան կնվազի իշխանությունների կողմից ուժ գործադրելու հավանականությունը: Պետք է նաեւ հիշել, որ Հայաստանը կարողացավ միջազգային ասպարեզում կրկին գործոն դառնալ միմիայն 2007թ. սեպտեմբերի 21-ից ի վեր հասարակության ցուցաբերած գիտակցության, ակտիվության ու վճռականության շնորհիվ: Միաժամանակ անհրաժեշտ է ցուցաբերել զգոնություն` սադրանքների չենթարկվելու համար, ինչպես նաեւ պատրաստ լինել երկարատեւ քաղաքացիական անհնազանդության: Քաղաքացիները պետք է նաեւ նկատի ունենան, որ երկրի ժողովրդավարացման եւ զարգացման ուղու վրա դուրս գալու ընթացքը երկար է լինելու. այն չի կարող ավարտվել նախագահական նոր ընտրությունների անցկացմամբ: Ռ.Քոչարյանի իշխանության տարիներին երկրին հասցրած վնասն այնչափ մեծ է, որ նոր իշխանությանը կպահանջվի հասարակական վստահության հսկայական պաշար` իշխանության բոլոր թեւերի լեգիտիմության դեֆիցիտը (որի համար առանձնակի պատասխանատվություն են կրում Սահմանադրական դատարանի անդամները) վերացնելու, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ու շրջափակումը ճեղքելու, տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար:

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work