|
Իրավունք
Չունենք Կրկնել Սխալը
ՀՀ ԱԳՆ խոսնակ
Վլադիմիր Կարապետյանը, ով աշխատանքից հեռացվեց Հայաստանում կատարվող
իրադարձությունների վերաբերյալ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու պատճառով,
հանդես է եկել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առկա իրավիճակի
վերաբերյալ ծավալուն վերլուծությամբ: Ստորեւ ներկայացնում ենք "ԼՂ խաղաղ
գործընթացում նոր իրողությունները, կամ երրորդ անգամ չկրկնել սխալը" հոդվածը`
կրճատումներով:
"Մարտի 14-ին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցավ մի բանաձեւ, որը, կարծում եմ, անմիջական հետեւանք
էր նաեւ ՀՀ միջազգային վարկանիշի անկման, միջազգային կազմակերպությունների` մարտի
1-ի իրադարձություններին հաջորդած կոչերին եւ հանձնարարականներին Հայաստանի
վերաբերմունքին: Միանգամայն մոլորություն է ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ այդ բանաձեւի
ընդունումը որպես սովորական մի իրադարձություն, որը չունի հնարավոր քաղաքական եւ
իրավական հետեւանքներ: Չմոռանանք, որ 16 տարվա ընթացքում ՀՀ-ն հաջողությամբ
դիմագրավել էր ադրբեջանաթուրքական ճնշումներին միջազգային ասպարեզում` թույլ չտալով
որեւէ միջազգային փաստաթղթում այնպիսի ձեւակերպումներ, որոնք կլինեին այդաստիճան
միակողմանի եւ անարդարացի պահանջներ պարունակող ՀՀ-նի նկատմամբ:
Օգտվելով
ՄԱԿ-ում անցած բանաձեւից` ադրբեջանական կողմը փորձում է ազդել սեղանի վրա դրված
բանակցային փաստաթղթի դրույթների վրա: Այսօր նրանք առանց վարանելու առաջարկում են "բանակցել
Լաչինի համատեղ օգտագործման մասին` պայմանով, որ այն կլինի Ադրբեջանի անբաժանելի
մաս": Նման առաջարկ, որքան ես հիշում եմ, երբեք բարձրաձայն չի արվել: Քելբաջարի
հարցը մեկ այլ հարթության վրա է եւ դրան կար անդրադարձ 2007-ի դեկտեմբերին
մադրիդյան ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Հայաստանին, Ադրբեջանին եւ ԵԱՀԿ
քարտուղարությանը փոխանցված հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների
մասին փաստաթղթում, որը եւ հանդիսանում էր Պրահյան գործընթացի արդյունք:
Նշենք նաեւ
փոխարտգործնախարար Ա. Ազիմովի մեկ այլ "դարակազմիկ" միտքը, որի համաձայն`
բանակցություններում անպայմանորեն պետք է հաշվի առնել ՄԱԿ-ի ԳԱ նշված բանաձեւը: Այս
գաղափարը օրեր անց կրկնեց Ադրբեջանի նախագահը: Իսկ Ա. Ազիմովը հասավ նրան, որ
դատապարտեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այն հայտարարությունը, որի համաձայն` ԼՂ
կարգավիճակը պետք է հստակեցվի բանակցությունների միջոցով: Ադրբեջանը այսօր արդեն
համարում է, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի ներքին օրենսդրության
համաձայն` հաշվի առնելով "Ղարաբաղի համայնքների միջեւ համաձայնությունը": Լեռնային
Ղարաբաղի կարգավիճակի հարցը ՀՀ-ի հետ բանակցելու խնդիր չէ, պնդում է ադրբեջանցի
պաշտոնյան (...):
ՄԱԿ-ում
բանաձեւի անցմանը հաջորդած այս զարգացումները ցույց են տալիս, որ ոչ միայն Պրահյան
ձեւաչափով բանակցությունները, այլ ընդհանրապես` խաղաղ գործընթացը, հասել են
վտանգավոր եզրագծի, որը հղի է անկանխատեսելի զարգացումներով: Ակնհայտ է, որ
նշմարվող միտումները գնահատականի, նոր դիրքորոշման կարիք ունեն: Միջազգային
ասպարեզում Ադրբեջանի նման վարքագծով նոր թափ է հաղորդվելու Հայաստանի դեմ ուղղված
գործողություններին, որոնք, հաշվի առնելով մեր ներկայիս ցածր վարկանիշը միջազգային
կազմակերպություններում, կարող է դրդել վերջինիս առաջիկա ժամանակահատվածում գրեթե
սառեցնելով բանակցությունները կամ վարելով ձեւական բանակցություններ` կենտրոնանալ
միջազգային կազմակերպություններում դիրքերի ամրապնդման վրա, եթե կուզեք`
դիվանագիտական շրջափակման մեջ առնելու Հայաստանը:
Ի՞նչ է
սպասվում Հայաստանին, եւ ի՞նչ ճանապարհով են պատրաստվում շարժվել ՀՀ
իշխանությունները` դիմագրավելու վերահաս վտանգները: Կարծում եմ, որ առնվազն մինչեւ
աշուն, երբ կկայանան նախագահական ընտրություններ Ադրբեջանում, բանակցային
գործընթացում կլինի փաստացի տեղքայլ` անորոշ հեռանկարներով եւ խոստումներով` այս
անգամ արդեն Ադրբեջանի կողմից արվող: Մինչ օրս հայկական դիրքորոշումը անփոփոխ էր,
մասնավորապես` ՀՀ վարչապետը 2007-ի դեկտեմբերին "Ռոյթերզին" տված հարցազրույցում
հաստատել էր, որ համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկներին,
նախընտրական ծրագրում էլ հստակորեն ամրագրված են ԼՂ ինքնորոշման եւ դրա իրացման
իրավունքները եւ Հայաստանի եւ Ղարաբաղի ընդհանուր սահման ունենալու սկզբունքները:
ՀՀ ԱԳ նախարարն էլ բազմիցս հաստատել էր, որ չկա հակամարտության կարգավորում առանց
ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման:
Ադրբեջանի այս
սադրիչ հայտարարություններից հետո բանակցությունների սեղան նստելը բավականին դժվար
կլինի: Նաեւ պետք է հաշվի առնել Հայաստանի հանրային կարծիքը, որը պատասխաններ է
ուզում Ադրբեջանի նման գործողություններից հետո ՀՀ հետագա ռազմավարության
վերաբերյալ: Այստեղ հարկ է հիշատակել վերջերս կրկին ասպարեզ նետված` ԼՂ ճանաչելու
վերաբերյալ գաղափարը: Կարծում եմ, որ այդ քայլը միանշանակորեն էլ ավելի կծանրացնի
ՀՀ-ի իրավիճակը միջազգային ասպարեզում` արդեն կատարյալ մեկուսացման հեռանկարով: Իմ
խորին համոզմամբ, ԼՂ-ի ճանաչումը իմաստ ունի միայն առնվազն մի քանի դաշնակիցների`
նման քայլի գնալու երաշխիքներ ստանալու դեպքում: Այլապես, մարտավարական առումով,
ճանաչումը ինքնանպատակ քայլ է, որ կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից էլ ավելի
մեծ հակահայկական "կոալիցիա" ձեւավորելու եւ միջազգային կազմակերպություններում
մեկը մյուսի հետեւից առանց այդ էլ թուլացած Հայաստանի դեմ բանաձեւեր/որոշումներ
ընդունելու համար (...):
Այսօր մենք
գործ ունենք միանգամայն այլ Ադրբեջանի հետ: Վերջին 1-2 տարիներին Բաքուն չի խորշում
գերտերությունների հետ որոշ հարցերում գնալ դիմակայության: Մասնավորապես, հիշենք
մեկուկես տարի առաջ Բաքվի հրաժարվելը` ձեռք բերել գազ Ռուսաստանից եւ բեռնավորել
Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարը: Դրա հետ միասին նրանք մի ամբողջ տարի կոշտ եւ
հաջողված բանակցություններ ունեցան ՌԴ-ի հետ Ադրբեջանում ռուսաստանյան
հեռուստաընկերությունների վերահեռարձակման թույլտվության հարցերի շուրջ: ԱՄՆ-ի
մասով էլ Ադրբեջանը համարձակվում էր դիմագրավել Իրանի խնդրով մեկը մյուսին հաջորդող
Բաքու այցելող ԱՄՆ պատվիրակությունների ճնշմանը` արդյունքում չվնասելով թե՛ ԱՄՆ-ի
եւ թե՛ Իրանի հետ հարաբերությունները: Իսկ ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումից հետո ԵԱՀԿ ՄԽ
համանախագահներ` ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանությունների մոտ Ադրբեջանի
իշխանությունները կազմակերպեցին բողոքի հանրահավաքներ, որոնք համահունչ էին
պաշտոնական Բաքվի այդ օրերի հայտարարություններին, եւ Բուխարեստում "լարված
մթնոլորտում անցած" հանդիպումը համանախագահների հետ, ուր Ի. Ալիեւը "պահանջեց
բացատրություններ ՄԱԿ-ում բանաձեւի հարցում դեմ քվեարկության համար": Ադրբեջանը
այսօր քաջ գիտակցում եւ օգտագործում է իր դերն ու նշանակությունը Արեւմուտքի եւ
հատկապես ԵՄ երկրների էներգետիկ անվտանգության ռազմավարության տեսանկյունից:
Հմտորեն շահարկելով էներգետիկ եւ այսօր նաեւ տրանզիտային առավելությունները`
Ադրբեջանը նշանակալիորեն մեծացրել է իր կշիռը եվրոպական կազմակերպություններում եւ
առանձին, մասնավորապես` արեւելաեվրոպական երկրներում (բավական է վերհիշել Ալիեւի
2006-2007 թվականների պաշտոնական եւ աշխատանքային այցելությունների
աշխարհագրությունը եւ ձեռք բերված քաղաքական եւ տնտեսական պայմանավորվածությունները):
Այսքանից հետո
եւ ունենալով ՀՀ-ի վրա միջազգային կազմակերպությունների շարունակական ճնշման
հեռանկարը` Ադրբեջանը տրամաբանորեն կոշտացրել է իր դիրքորոշումը: Միջազգային
հանրության աչքում կառուցողական երեւալու նպատակով առաջիկայում սպասվում են
ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների մի շարք` մեզ համար անընդունելի
առաջարկություններ (Ա. Ազիմովի` Լաչինի վերաբերյալ առաջարկի օրինակով), որոնց մեր
մերժումը Ադրբեջանը կփորձի ներկայացնել որպես Հայաստանի ոչ կառուցողական մոտեցում
եւ պատրվակ` բանակցություններից հրաժարվելու կամ միայն ձեւական հանդիպումների համար...
Հիմա խոսենք
մեզ համար ամենավտանգավոր հեռանկարի մասին: Վերոբերյալ միտումները մեզ համար պետք է
լինեն նախազգուշացում, քանի որ անգամ եթե Ադրբեջանը նստի բանակցային սեղանի շուրջ,
ապա այն լինելու է ձեւական` ոչ մի պայմանավորվածություններ ձեռք բերել չի
հաջողվելու: Կարծում եմ` Ադրբեջանը կանի ամեն բան, որ օգտագործի առաջիկա 2-3 խաղաղ
տարիները` ավարտին հասցնելու Բաքվի եւ Անկարայի կողմից հովանավորվող
Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը: Եթե այդ ժամանակահատվածը ՀՀ-ն
չկարողանա օգտագործել դիվանագիտական ճակատում ճեղքում մտցնելու համար (իսկ դրա
հեռանկարները այսօր ավելի քան մշուշոտ են երեւում), ծրագրի ավարտը մեզ համար հղի է
ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի արդեն ոչ թե տեսական, այլ իրական
վտանգով (...): Ադրբեջանի կողմից ուժի կիրառման աճող հավանականության օգտին է
խոսում նաեւ ներքին ռազմատենչ եւ հայատյաց լայնածավալ քարոզչությունը, որի պատանդը
կարող են դառնալ հենց դրա հովանավորները` Ադրբեջանի իշխանությունները: Արտաքին
գործոնները, օրինակ` Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հակազդելու նպատակով
Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման գործընթացի մեկնարկը,
նույնպես կունենան ազդեցություն Բաքվում կայացվելիք որոշումների վրա:
Հատկանշական է,
որ անգամ Կոսովոյի
միջազգային ճանաչումից Ադրբեջանը հաջողացրեց քաղել ավելի շատ օգուտներ,
քան Հայաստանը:
Այսօր արդեն
Հայաստանի պաշտոնյաներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ՄԱԿ-ում
ադրբեջանանպաստ բանաձեւի անցկացումը բացատրում Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակով
(...):
Միակ հակազդելու հնարավորությունը,
որ ունի Հայաստանը,
մարդկային ռեսուրսի
զարգացումն ու ներքին համախմբվածության ապահովումն է:
Միջազգային
ասպարեզում համարժեք դերակատարություն ստանձնելու միակ հնարավորությունը ես տեսնում
եմ ժողովրդավարության հաստատման,
մարդու իրավունքների
իրական հարգման,
խոսքի իրական
ազատության,
մեր իսկ կողմից
ստանձնած բոլոր պարտավորությունների անշեղ կատարման,
եվրոպական
կառույցներ շարունակական ինտեգրման,
իսկ ամենակարեւորը`
ներքին
համերաշխության վերականգնման,
ներքին
կոնսոլիդացիայի պայմաններում
(...):
Այս ամենը անհրաժեշտ,
բայց,
ցավոք,
ոչ բավարար
պայմաններ են,
որ մենք
բանակցություններում ստանձնենք այն դերակատարությունը,
որ Ադրբեջանը
ստիպված լինի ցուցաբերել իրատեսական մոտեցում եւ,
չեմ բացառում,
վերադառնա Պրահյան
սկզբունքների փաստաթղթին:
Միայն ներքին
հզորացումով մենք կկարողանանք հարկադրել հակառակորդին հարգել մեր շահերը:
Եւ
վերջում մեկ նկատառում/նախազգուշացում
ԼՂ բանակցություններում ներգրավված անձանց համար:
Այն,
ինչ եղավ մարտի
14-ին ՄԱԿ-ում,
շատ նման է
Ադրբեջանի պահվածքին
1996 թվականին,
երբ մեկ օրվա
ընթացքում անտեսվեցին Լիպարիտյան-Գուլուզադե
շուրջ մեկ տարի ընթացող բանակցությունների արդյունքով ձեռք բերված
պայմանավորվածությունները,
եւ առաջ եկավ մեր
կողմից չկանխատեսված իրավիճակ,
որի արդյունքում
ծնվեց ԵԱՀԿ նախագահողի տխրահռչակ հայտարարությունը:
Այս անգամ նույնպես
Ադրբեջանը,
ետ կանգնելով երկու
երկրների ԱԳ նախարարների ծավալուն աշխատանքի շնորհիվ ձեռք բերված
պայմանավորվածություններից,
արեց
բանակցությունների տապալմանը ուղղված քայլ:
Երրորդ անգամ մենք
իրավունք չունենք խաբվելու...":
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱԳՆ մամուլի եւ
տեղեկատվության
վարչության նախկին
պետ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|