ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org

11.03.08

Դավիթ Շահնազարյան. «Պայքարը նոր է սկսվում»

http://zhamanak.com/article/8603/
8:08 Yerevan | 4:08 GMT | Tuesday 11 March 2008

«Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց ժողովրդի վրա, ինչի համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում», - համոզված է «ԺԵ»-«ԺԼԱ»-ի զրուցակից` ՀՀՇ հիմնադիր անդամ, 1991-1999թթ. ԱԺ պատգամավոր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավար Դավիթ Շահնազարյանը

-
Պարոն Շահնազարյան. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Ձեր անունը մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնյաներ եւ իշխանական լրատվամիջոցներ հնչեցնում էին` կապելով այդ դեպքերի հետ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին Երեւանում, եւ ի՞նչ գնահատական կտաք այդ իրադարձություններին

-
Օգտվելով` մարտի 1-ից հետո ինձ ընձեռված այս առաջին հնարավորությունից` խորապես եւ անկեղծորեն ցավակցում եմ մարտի 1-ին բոլոր զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Իմ անունը շոշափելու առիթով այդ պաշտոնյաներին ձեր թերթի միջոցով ես արդեն պատասխանել եմ (Դ.Շահնազարյանը մեր թերթի մարտի 6-ի համարում ասել էր. «Այս հսկայածավալ տեղեկատվական շրջափակման ու պաշտոնական տոտալ կեղծ տեղեկատվության տարածման պայմաններում Քոչարյանը կամ որեւէ այլ պաշտոնատար անձ, որոնք ուղղակիորեն կրում են մարտի 1-ի սպանությունների եւ այլ հանցագործությունների ողջ պատասխանատվությունը, թող չփորձեն հոլովել իմ անունը` համեմելով այն կեղծիքով ու ստով».- հեղ.): Ինչպես գիտեք, մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները հատուկ ստորաբաժանման զորքերով հարձակում են գործել Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ նստացույցի հազարավոր մասնակիցների եւ նրանց վրանների վրա. ընդ որում, այդ գործողությունները իրականացվել է առանց որեւէ նախազգուշացման: Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության զորքերը մտել են Ազատության հրապարակ Տեր-Պետրոսյանը խոսափողով դիմել է թե նստացույցի մասնակիցներին, թե ոստիկանական զորքերին` ասելով հետեւյալը. «Խնդրում եմ պահպանել հանգստություն. ոստիկաններ են եկել, տեսնենք ինչ են ուզում», այնուհետեւ դիմելով ոստիկաններին Տեր-Պետրոսյանը նշել է` «նստացույցին մասնակցում են կանայք եւ երեխաներ, վրաններում կան կանայք եւ երեխաներ, խնդրում եմ հաշվի առեք դա». դեռ խոսքը չավարտած հատուկ ջոկատայինները մահակներով, վահաններով, էլեկտրաշոկով, հատուկ միջոցներով, ինչպես հետագայում պարզվեց` նաեւ արցունքաբեր գազ կիրառելով սկսել են հարձակումները, նաեւ` Մաշտոցի, Թումանյանի, Սայաթ-Նովայի փողոցներում: Դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, տնային կալանքի մեջ գտնվելով, ժամը 11.00-ին հրավիրած իր մամուլի ասուլիսում արդեն ներկայացրել է

Ազատության հրապարակի շրջակայքում իրականացված գործողություններից մի քանի ժամ անց, արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Մյասնիկյանի արձանին հարակից հրապարակում, երբ ես եկա այդտեղ, կարծում եմ` 100 000-ից ավելի մարդ էր հավաքված: Ակնհայտ էր, որ բավական լարված, պայթունավտանգ իրավիճակ էր` հատուկ ստորաբաժանումները զինված էին մահակներով, վահաններով. նաեւ ջրցան մեքենաներ կային, եւ, ի դեպ, զորքերը կանգնած էին ժողովրդից կես կամ մեկ մետր հեռավորության վրա` դեմ առ դեմ: Բացի այդ, հատուկ ստորաբաժանումները ժողովրդին բաժանել էին մի քանի հատվածների. մարդկանց խմբերը միմյանցից կտրված էին, ժողովրդի եւ հատուկ ջոկատայինների միջեւ անընդհատ` հաճախ բավական սուր վիճաբանություններ էին ծագում: Պետք է նկատել, որ մարդիկ արդեն տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել վաղ առավոտյան Ազատության հրապարակում, եւ հասարակությունը չափազանց բորբոքված էր, զայրացած. ավելին` այդտեղ կային նաեւ Ազատության հրապարակի դեպքերի ականատեսներ, իրավիճակը իսկապես լարված էր: Պետք է շեշտեմ նաեւ, որ դա ինքնաբուխ հանրահավաք էր` այն չուներ կազմակերպիչներ: Այդ իրավիճակում միայն մեկ խնդիր կար. հարկավոր էր անմիջապես հեռացնել ոստիկանական զորքերը, որովհետեւ այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ հնարավոր էր անգամ առանց հրամանի բախումներ բռնկվեին: Ի դեպ, նշեմ, որ ինքս նկատեցի մի քանի անձանց, որոնք ակնհայտորեն սադրիչներ էին, օլիգարխների, այսպես կոչված` թիկնազորից, որոնց դեմքով բոլորս էլ ճանաչում ենք: 

Անմիջապես սկսեցինք խոսել, կարելի է ասել` բանակցել գեներալներ Աֆյանի եւ Գիզիրյանի հետ. ի դեպ, ներկա էր նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ով իրեն պատշաճ դրսեւորեց` նա եւս ձգտում էր լիցքաթափել լարված մթնոլորտը: Ինչեւէ, գեներալներն առաջարկեցին ժողովրդին «տեղափոխել» Մատենադարան: Ժողովրդի պահանջը մեկն էր. մարդիկ սպասում էին, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ արդեն տեղյակ էին, որ նա գտնվում է տնային կալանքի մեջ: Ի սկզբանե ասեմ, որ ժողովրդին տեղափոխել Մատենադարան անհնար էր, քանի որ ժողովուրդը առանց Տեր-Պետրոսյանի չէր շարժվի այդտեղից, ժողովուրդը կենթարկվեր բացառապես նրա կոչերին եւ, իմիջիայլոց, գիշերը ժամը 3.00-ին ժողովուրդը ցրվեց հենց Տեր-Պետրոսյանի հորդորով: Ապա. ժողովրդի շարժը դեպի Մատենադարան կնպաստեր սադրանքների հրահրման, անկարգությունների մի նոր փուլի մեկնարկին: Եվ հաջորդ կարեւոր հանգամանքը` անթույլատրելի էր, որպեսզի Ազատության հրապարակում տեղի ունեցած այդ դաժան ծեծուջարդից ու բռնություններից հետո 100 000-ից ավել մարդ անցներ Օպերայի շրջակայքով` ուր տեղակայված էր զինուժ եւ տեխնիկա: Երբ գեներալների կողմից առաջարկ եղավ ժողովրդին «տեղափոխել» Մատենադարանի դիմացի հրապարակ, ի պատասխան դրան ես գեներալներին ասացի, որ հարկավոր է ետ քաշել, հեռացնել զորքերը, բացել հատուկ ստորաբաժանումների շղթաները, ինչի արդյունքում ժողովուրդը մասնատվել էր

Գեներալները համաձայնեցին, ասացին, որ եթե ես հայտարարեմ դեպի Մատենադարան շարժվելու մասին, իրենք զորքերը ետ կքաշեն: Ես ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմեցի ժողովրդին` նախ նշեցի, որ սա ինքնաբուխ հանրահավաք է, չունի կազմակերպիչներ, այնուհետեւ հայտարարեցի, որ պետք է շարժվել դեպի Մատենադարանի տարածք: Դրանից անմիջապես հետո զորքերը իսկապես սկսեցին ետ քաշվել, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, սակայն ժողովուրդը շարունակում էր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը եւ ակնհայտ էր, որ որեւէ ուղղությամբ այդտեղից չէր շարժվելու, ինչի մասին ես հայտնեցի գեներալներին: Ի դեպ