ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ընդհատակյա թերթ

www.Payqar.org

 05 մարտ 2008

Լեւոն Զուրաբյանի զրույցը «Ազատություն» ռադիոկայանի հետ

«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ:

«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունները ցույց են տալիս, որ միակ լեզուն, որով իրենք կարող են խոսել ընդդիմության եւ ժողովրդի հետ` բռնությունն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը: Իշխանության այս պահվածքը Լեւոն Զուրաբյանը «շատ անհեռանկար որոշում» է համարում: «Ամենախելացի բանը, որը կարող էին անել այսօրվա իշխանությունները` ժողովրդին ներկայացնող առաջնորդների հետ երկխոսություն հաստատելը կլիներ: Մենք ուղղակի պահանջում ենք անվավեր ճանաչել ընտրությունները եւ անցկացնել նոր ընտրություն: Սա միակ ձեւն է Հայաստանում հաստատել համերաշխություն»,-հավելել է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամը:

 

Առաջին նախագահը եկավ ՍԴ

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումների քննարկումը:

Նիստի սկզբում ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Պարգեւ Օհանյանը ՍԴ անդամներին տեղեկացրեց, որ առաջին նախագահը ցանկանում է գալ դատարան եւ տաս րոպեանոց հայտարարությամբ հանդես գալ ինչի համար, նա խնդրում է ընդմիջում հայտարարել: Այս հայտարարությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Վահե Գրիգորյանը շարունակեցին ներկայացնել իրենց դիմումի բացատրությունները: Բացատրությունների հիմնական մասում դիմողները ներկայացրեցին ընտրությունների ընթացքում արձանագրված մի քանի հարյուր ընտրախախտումների, առաջին նախագահի կողմնակիցների նկատմամբ բռնությունների եւ ահաբեկումների դեպքերը: Ընդմիջումից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես դիմող դատարանում կարող է ելույթ ունենալ բացատրությունների ներկայացման եւ եզրափակիչ խոսքով հանդես գալու փուլերում: ՀՀ առաջին նախագահը մոտ կես ժամ անց եկավ նիստերի դահլիճ: Նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիների գերակշիռ մասը ՀՀ առաջին նախագահին տեսնելուց հետո ոտքի կանգնելով սկսեց ծափահարել: Այս տեսարանը մեղմ ասած նյարդայնացրեց դահլիճում գտնվող ՀՀԿ-ականներին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, երբ նա դուրս եկավ միջանցք լրագրողները շրջապատեցին նրան` փորձելով որոշ հարցեր ուղղել, սակայն, ՀՀ առաջին նախագահը լրագրողներին առաջարկեց բավարարվել ՍԴ նիստում հնչեցրած իր ելույթով:


ՍԴ նիստի օրվա երկրոդ մասը անցավ սովորական դատաքննության մթնոլորտում: Իհարկե, երբեմն ընդհանուր մթնոլորտը խաթարում էր ԿԸՀ նախագահ Ազարյանը, որը պարբերաբար այնպիսի անհեթեթություններ էր դուրս տալիս, որ դահլիճում նստածները չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը: Նման իրավիճակներում ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը մեղմ ասած չէր կարողանում իրեն վերահսկել եւ սկսում էր հոգեկան անհավասարակշռության նշաններ ցույց տալ`ծամածռելով դիմագծերը:


Ինչեւէ, ՍԴ նիստը կշարունակվի վաղը:

 

դատապարտել է

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելլոն երեկ Բաքվում դատապարտել է հայկական եւ ադրբեջանական զինված ստորաբաժանումների շփման գծում հրադադարի խախտումը:

«Սա բացասական զարգացում է, որի առիթով մենք ափսոսանք ենք հայտնում», - նշել է Ժոզե Լելլոն` ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

իզուր են տանջվում

Գործող ռեժիմի ենթակայության տակ գտնվող հեռուստաընկերություններով քարոզչական այն բոլոր հնարքները եւ ինֆորմացիոն բլոկադան, որ այս օրերին փորձում են կիրառել իշխանությունները` հոգաբանական ճնշում գործադրելու հայ ժողովրդի վրա, լրիվ հակառակ ազդեցությունն է ունենում: Իշխանությունների կիրառած այդ հնարքներն արդեն զավեշտի են հասնում:

Նրանք այնքան են կորցրել իրենց եւ այնպես են ուզում մարդկանց այլ բան համոզել, որ ոստիկանության նկարահանած տեսանյութերում ցույց են տալիս կադրեր, թե ինչպես են իրենք Ազատության հրապարակում տեղի ունեցած վայրագություններից հետո մի կողմ տանում մոխրի կույտը եւ տակից ցույց տալիս պլաստմասայե ներարկիչներ: Այդ շպրիցներով իբր Ազատության հրապարակում նստացույցի նստածները թմրանյութ են ներարկել իրենց: Մարդկանց մի մասը ցասումով, մի մասը ծիծաղելով հարց է տալիս` այդ ինչպե±ս պատահեց, որ կրակի մեջ պլաստմասայե շպրիցը չայրվեց: Նույն բնական հարցը տրվում է նաեւ Ազատության հրապարակում իբր հայտնաբերված զենքի կապակցությամբ` ինչու են ոստիկանները մերկ ձեռքերով վերցնում զենքը, փոխանակ զգուշությամբ այն դնեն ցելոֆանի մեջ` հետագայում մատնահետքեր հանելու համար: Ի վերջո, ոստիկանությունը, որն այդքան ցանկանում է հայտնաբերել հանրահավաքի մասնակիցներին, կարող էր մատնահետքերով գտնել, թե ում է պատկանել այդ զենքը: Այսինքն, ողջ հասարակության համար էլ հասկանալի է, որ եւ ներարկիչները, եւ զենքը պարզապես ոստիկանության կողմից է դրված եղել Ազատության հրապարակում եւ հիմա փորձում է հասարակությանն այլ բան համոզել: Մի խոսքով, ամբողջ այս փորձերը` մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրել` այն հույսով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի սկսած համաժողովրդական շարժումը կմարի, լրիվ հակառակ էֆեկտն է տալիս ու միայն ավելի է գրգռում հասարակությանը

Բռնությունները շարունակվում են

Շարունակվում են ստացվել տեղեկություններ այն մասին, որ մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվածների հանդեպ ոստիկանությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում կիրառվում են բռնություններ