Հայտարարություն  

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ վերջին զարգացումները վտանգում են Լեռնային Ղարաբաղի ապագան ու խաղաղության հեռանկարները տարածաշրջանում, ապացուցում քոչարյանա-սարգսյանական վարչախմբի վարած արտաքին քաղաքական կուրսի սնանկությունը:

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի վարչախմբի ապաշնորհ քաղաքականության կործանարար արդյունքների գագաթնակետն էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի մարտի 14-ի բանաձեւը, որով «վերահաստատվեց» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվեց «բոլոր հայկական ուժերի անհապաղ, լիակատար եւ անվերապահ դուրս բերում Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներից»: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի այս բանաձեւը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային դիրքերը վնասող աննախադեպ փաստաթուղթ է, որով փորձ է արվում կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես Ադրբեջանի մաս եւ  միակողմանի զիջումներ է պահանջվում հայկական կողմից:

Իշխանության վարած քաղաքականության պատճառով հայկական դիրքերի թուլացումը այսօր չի սկսվել: Հայկական դիվանագիտության այս ծանր պարտությունը պայմանավորված է ինչպես վարչախմբի տաս տարիների վարած սխալ արտաքին քաղաքականությամբ, այնպես էլ՝ ժողովրդավարական սկզբունքներից հետեւողականորեն նահանջելու իրողությամբ: Քոչարյանը, ոտնահարելով Սահմանադրությունը, 1998 ու 2003 թվականներին առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու եւ կեղծելով ընտրությունները` իրեն հռչակեց հանրապետության նախագահ: Վարչախումբը 2004 թվականի ապրիլի 12-ին իրականացրեց ջարդ խաղաղ ցուցարարների նկատմամբ: 2005 բացահայտ ցինիկ կերպով կեղծվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այս գործընթացները իրենց տրամաբանական շարունակությունն ունեցան. վարչախումբը նույն մեթոդներով եւ ավելի բիրտ ձեւով կեղծեց փետրվարի 19-ի ընտրությունները եւ ժողովրդի արդարացի ընդվզումը եւ խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով կազմակերպեց մարտի 1-ի ոճրագործությունը:

1994 թվականին ռազմական եւ դիվանագիտական հաղթանակների շնորհիվ հաջողվել էր հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթաժողովի կողմից ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, ինչով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Սակայն 1999-ին ստորագրելով ԵԱՀԿ Ստամբուլի «Խարտիան», Հայաստանի իշխանությունները նախ ըստ էության ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա նաեւ վարչախմբի հանցավոր նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի պայքարը ինքնորոշման համար վերածվեց տարածքային վեճի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության էության նման նենգափոխման գնալը ներկա վարչախմբի կողմից ուներ ընդամենը մեկ նպատակ, այն է՝ միջազգային հանրության աչքում արժեւորել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժիկ Սագսյանի ղեկավար դիրքերը Հայաստանում այն հանգամանքով, որ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներ, հայ-ադրբեջանական բանակցություններում նրանք կարող են ներկայացնել նաեւ Լեռնային Ղարաբաղը: Դա ընդունելի էր միջազգային հանրության համար, քանի որ այդպիսով լուծվում էր Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ձեւաչափին Ադրբեջանի դիմադրության խնդիրը

Սեփական իշխանության ամրապնդմանն ուղղված այս գործարքով վարչախումբն անդառնալի վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման միջազգային ճանաչման գործընթացին, խաթարեց միջազգային հանրության համակրանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դատի նկատմամբ՝ հիմք տալով հիմնախնդիրն ընկալել որպես հայ-ադրբեջանական միջպետական հակամարտություն, որի հետեւանքով օկուպացվել են Ադրբեջանի տարածքները: Դրա արդյունքը եղավ  2005 թվականին Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բանաձեւը, որում առաջին անգամ Հայաստանն ըստ էության մեղադրվեց Ադրբեջանի տարածքների գրավման համար:

Հետընթացը շարունակվել է նաեւ վերջին երկու տարվա բանակցություններում: 2007 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ դեպոզիտ փոխանցված ԼՂ հարցի կարգավորման այսպես կոչված Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող լուծումները Լաչինի եւ Քելբաջարի շրջանների վերաբերյալ հայկական կողմի համար էական նահանջ են արձանագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2006 թվականի հունիսի 22–ի հայտարարության մեջ հիշատակվող առաջարկի համեմատությամբ:

Ադրբեջանի նկրտումների իրականացման համար ամենամեծ նվերը, սակայն, վարչախումբը մատուցեց, երբ միջազգային հանրության առաջ կեղծեց փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, բռնի ուժով ցրեց եւ գնդակահարեց այդ կեղծիքները բողոքարկող խաղաղ ցուցարարներին: Այդ արարքներով Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին իրենց բռնապետական բնույթը՝ արձանագրելով միջազգային հեղինակության կտրուկ անկում: Անմիջական արդյունքը եղավ այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քննարկմանը դրվեց եւ ընդունվեց Ադրբեջանի կողմից ներկայացված, բայց տարիներ շարունակ զսպվող բանաձեւը: Հայաստանի միջազգային վարկանիշի աննախադեպ անկումը եւ հայկական դիվանագիտության խայտառակ պարտությունն էր պատճառը, որ անգամ ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությունը Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, Հայաստանին չհաջողվեց ապահովել գործընկեր, բարեկամ պետությունների քվեարկությունն իր  օգտին:

Բանաձեւի անցկացումը ՄԱԿ-ում կանաչ լույս է վառել միջազգային տարբեր ատյաններում ադրբեջանանպաստ փաստաթղթերի ընդունման համար, ինչին ի զորու չի լինելու դիմագրավել հեղինակությունը կորցրած ՀՀ դիվանագիտությունը: Ադրբեջանն ստացավ այնքան հզոր հաղթաթուղթ, որ արդեն իրեն իրավունք է վերապահում խոսել բանակցություններից ու հանդիպումներից հրաժարվելու մասին: Դրա վկայությունն էր Հայաստանի իշխանությունների հուսահատ փորձերը հանդիպում կազմակերպել Բուխարեստում ապրիլի 3-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությանը` այն մերժվեց Ադրբեջանի կողմից:

Այսպիսով, քոչարյանա-սարգսյանական վարչախմբի կողմից տաս տարվա քաղաքականությունը հանգեցրել է  բանակցությունների ամբողջական ձախողմանը, բոլոր միջազգային կառույցներում Հայաստանի միջազգային վարկանիշի անկմանը, ինչը նոր լիցք է հաղորդել ադրբեջանական պահանջատիրության աննախադեպ աճին: Այս քաղաքականության շարունակումը եւ վարչախմբի ջղաձիգ հայտարարությունները հղի են ռազմական գործողությունների, անգամ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգով: Բանակցությունների ձախողման, հայկական դիրքերի թուլացման ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչախումբը, որը վերջին ընտրությունների արդյունքում չի ստացել Հայաստանի ժողովրդի կամքը խաղաղ գործընթացում ներկայացնելու մանդատ:

Լեռնային Ղարաբաղի փրկության գործում մենք ունենք մեկ միջոց ու ճանապարհ. Հայաստանը դարձնել բարձր լեգիտիմ իշխանությամբ օժտված ժողովրդավարական երկիր, որպես այդպիսին միջազգային ասպարեզում ձեռք բերել արժանի տեղ եւ հեղինակություն: Միայն այդ դեպքում մենք կարող ենք դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում կարեւոր գործոն եւ հասնել արժանապատիվ խաղաղության հաստատման:

Եւ այս պայքարում ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:


"Ազատություն" կուսակցություն
Ազգային արժեքների պաշպանության կուսակցություն
"
Այլընտրանք" հասարակական-քաղաքական նախաձեռնություն
"
Երրորդ Հանրապետություն" կուսակցություն
"
Ժողովրդավարական ուղի" կուսակցություն
"
Ժողովրդավարական հայրենիք" կուսակցություն
Հայաստանի առաջադիմական ազատական կուսակցություն
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը
Հայաստանի մարքսիստական կուսակցություն
"
Հայոց հայրենիք" կուսակցություն