Հայ Կամավորականների Համախմբման Համակարգող Խորհրդի Հայտարարությունը

Հայ ժողովուրդը ակտիվորեն մասնակցելով երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող նախագահական ընտրություններին, ի վերջո կարողացավ արտահայտել իր հավաքական կամքը և մերժեց ապօրինի իշխանության վերարտադրումը: Սակայն հոգեվարքի մեջ գտնվող հանցագործ ռեժիմը, կեղծելով ընտրությունները, այժմ էլ փորձում է ստոր ու նենգ հնարավոր բոլոր միջոցներով կանխել չարիքի բուրգի վերջնական քանդվելը: Նրանք ցույց են տալիս, թե իբր տիրապետում են իրավիճակին: Բռնությունների, սպառնալիքի, շանտաժի միջոցով փորձում են ստորագրություններ կորզելով ետ պահել իրենց շարքերը լքող և համաժողովրդական շարժմանը միացող որոշ պաշտոնյաների ու պատգամավորների: Եվ եթե դա առայժմ իրենց մոտ ինչ-որ չափով ստացվում է, ապա դա չպետք է մեզ մտահոգի:

Իհարկե, իշխանական բուրգում գտնվող այն հայ մարդիկ, ովքեր քաջություն կունենան լքել հակահայ, անբարո վարչախումբը, մենք նրանց կողջունենք, բայց մեր ժողովուրդը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ անխուսափելի հաղթանակը բոլորովին կախված չէ ոչ հակառակորդի ճամբարը լքողներից և ոչ էլ նույն ճամբարը ետ վերադարձողներից:

Սիրելի ժողովուրդ, այսօր բոլորս ուզում ենք օր առաջ չարիքի բուրգը տեսնել խորտակված: Բայց այդ բուրգի վերջնական խորտակումը եթե նույնիսկ ոչ օրեր, այլ շաբաթներ տևի, դա չպետք է մեզ մազաչափ անգամ մտահոգի կամ հուսահատեցնի, որովհետև մեր հաղթանակը անկասելի է:
Մեր հույսը ոչ օտար երկրների, ոչ այնտեղից եկած դիտորդների և ոչ էլ նրանց դիվանագիտական ներկայացուցիչների վրա է: Մեր հույսը Աստծո վրա է, մեր հույսը անզիջում պայքարի ելած խիզախ ու ազատատենչ հայ ժողովրդի վրա է, մեր հույսը համաժողովրդական առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա է, որին պետք է անվերապահ հավատալ, վստահել և կատարել նրա բոլոր առաջադրանքները:
Հաղթանակը շատ մոտ է:
Պայքար, պայքար, մինչև վերջ:

ՙՀայ Կամավորականների Համախմբման՚
համակարգող խորհուրդ

Ժիրայր Սէ
ֆիլյան
Վարդան Ա. Մալխասյան
Արմեն Եղյան
Սամվել Հարությունյան
Սարգիս Բաղումյան
Վարդան Քանքարյան
Ռոբերտ Հայրումյան
Վարդան Ե. Մալխասյան
Պետրոս Զուռնաչյան

25 Փետրվարի, 2008

 













This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work