Հայտարարություն 

Հայաստանցի – ղարաբաղցի պառակտման մասին 

Նախագահական ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների ամենացավալի կողմերից մեկը հայ ժողովրդի արհեստական բաժանումն էր հայաստանցիների և ղարաբաղցիների: Դրանում մեղքի առյուծի բաժինը իհարկե պատկանում է իշխող վարչախմբին և նախագահի իշխանական թեկնածուի թիմին: Սակայն ընդդիմադիր ճամբարում նույնպես տեղի ունեցան անվայել դրսևորումներ, որոնք մի կողմից նպաստեցին պառակտման խորացմանը, մյուս կողմից, հակառակ կողմին, ընդդիմությանը մեղադրելու առիթ տվեցին: 

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի կողմնակիցները պաշտոնական միջոցներով տարվող միակողմանի քարոզչությամբ Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնում էին որպես Արցախը հանձնող նախագահ: Այս մարտավարությունը արդյունավետ էր գործում հատկապես Արցախում և ՀՀ այն քաղաքացիների շրջանում, որոնք չէին մասնակցում հանրահավաքներին և չէին հետևում ընդդիմադիր մամուլին: Երբ պարզ դարձավ, որ Արցախը հանձնելու մեջ մեղադրվող ընդդիմության թեկնածուն բազմահազարանոց հանրահավաքներ է անցկացնում Երևանում, իշխանությունները փաստորեն մեղադրանքը հանցեագրեցին բոլոր միտինգ անող հայաստանցիներին: Ստացվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան հայաստանցիների թեկնածուն է, իսկ Սերժ Սարգսյանը ղարաբաղցիների հուսալի հենարանը, որի իշխանությունը պետք է պահպանել բոլոր միջոցներով: Վարչախումբը էլ ավելի խորացրեց հարցը, երբ ցուցարարների դեմ պատժիչ գործողություններին մասնակցելու նպատակով ներգրավեց ԼՂՀ բանակի սպաներին: 

Մյուս կողմից ընդդմության հանրահավաքներում ժամանակ առ ժամանակ խախտվում էր թիրախի սահմանները` Ղարաբաղյան կլանի և ղարաբաղցիների միջև: Թեև հարթակից հնչող ելույթներում ղարաբաղցիների դեմ ուղղակի արտահայտություններ չէին լինում, սակայն "մոնղոլաթաթարական իշխանություն", "ազգային ազատագրական շարժում" և նման այլ արտահայտությունները կարող էին վիրավորական ընկալվել իշխող վարչախմբի հետ նույն ծագումն ունեցող հազարավոր արցախցիների կողմից: Դրան գումարվում էր Արցախի հարցը շուտափույթ լուծելու մասին Տեր-Պետրոսյանի խոստումը, որն այսօր, Ադրբեջանի պահանջների համատեքստում, հասկացվում է որպես առնվազն տարածքների հանձնում: Բացի այդ հակաղարաբաղցիական տրամադրությունները որոշ մոբիլիզացիոն ազդեցություն ունեցան ընդդիմության շարքերի վրա, կապված վերջին շրջանում մեծ թվով ղարաբաղցի պաշտոնյաների ներհոսքի, դրանից առաջացած դժգոհության հետ: 

Մենք խստագույնս դատապարտում ենք հայ ժողովրդի հատվածների մեջ սեպ խրելու ցանկացած փորձ` գիտակցված կամ չգիտակցված: Կոչ ենք անում բոլոր արցախցիներին մեկընդմիշտ մոռանալ, որ երբևէ Երևանում կամ այլուր բնակվող հայությունը հավաքաբար կարող է դավաճանել Արցախին: Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերին, խմբակներին և ժողովրդին կոչ ենք անում երբեք չնույնացնել Ղարաբաղյան ծագում ունեցող հայտնի զույգին Արցախի ժողովրդի հետ: Բոլոր կազմակերպություններին առաջարկում ենք օգտագործել բոլոր միջոցները Արցախում օբյեկտիվ տեղեկատվություն ապահովելու համար և հետագա քաղաքական պայքարում հաշվի առնել արցախահայության մտահոգությունները և փարատել դրանք:

 

 

 

 

 

 


This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work