|
Հայտարարություն
Քաղբանտարկյալներին ազատելու պահանջ
Մարտի 1-ի
հակաժողովրդական գործողության շարունակվող հետևանքներից է մեծ թվով
քաղբանտարկյալների առկայությունը: Այդ ձևով փորձ է արվում խաղաղ
ցուցարարների դեմ ուժի (այդ թվում հրազենի) կիրառման պատասխանատվությունը
գոնե մասամբ բարդել ընդդիմադիր գործիչների կամ առանձին ակտիվ ցուցարարների
վրա: Իրականում, բացառապես քաղաքական դրդապատճառներով, իրավական որևէ հիմքի
բացակայության պայմաններում, մարդկանց անազատության մեջ պահելը հավելյալ
հաստատում և էլ ավելի է խորացնում իշխող վարչախմբի պատասխանատվությունը
մարտի 1-ին կատարվածի համար:
Հայաստանում պետք է
մեկընդմիշտ վերջ դրվի քաղաքական հետապնդումների պրակտիկային` քաղաքական
ձերբակալություններին, ոստիկանական կանչերին և գաղտնալսումներին, խտրական
մոտեցումներին նախաքննական, դատական, պատժի կրման փուլերում, իրավական
համակարգի կողմից ուժային ճնշման այլ ձևերին:
Բոլոր քաղբանտարկյալների
անհապաղ ազատ արձակումը մեր վճռական պահանջն է:
Ասվածը
հավասարապես վերաբերում է նաև նախքան ընտրությունները ձերբակալված
քաղբանտրկյալներ Վարդան Մալխասյանին և Արման Բաբաջանյանին, որոնցից առաջինը
դատապարտվել է չկատարած հանցանքի համար, իսկ մյուսի պատիժը իրավաչափ չէ, և
երկուսն էլ պայմանական վաղաժամկետ ազատման
հարցում
արժանանում են խտրական վերաբերմունքի: |